Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թե սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ է մրմռում

Թե սոխ չես կերել,  սիրտդ ինչո՞ւ է մրմռում
10.03.2015 | 00:45

Օրինաչափություններ կան, որոնց շրջանցումը, վաղ թե ուշ, բերում-կանգնեցնում է անդառնալի հետևանքներին դեմ հանդիման: Որպես կանոն, շատ ավելի ցավոտ է լինում ավարտը, եթե հանգրվանային մի ինչ-որ պահի ֆորտունան որոշում է չար կատակ խաղալ օրինաչափությունն անխոհեմաբար շրջանցողի հետ և ավազի վրա կառուցված մի այնպիսի բարձունք է ուրվագծում հորիզոնին, որ ջնջվում են իրականության ու պատրանքի բոլոր սահմանները: Գլխապտույտին փոխարինելու է գալիս թավալգլոր անկումը, և ամեն ինչ վերադառնում է դարձ ի շրջանս յուր: Այս անխուսափելի վերջաբանն առավել դաժան է հայաստանյան քաղաքական հարթակում, ուր մուտք գործելը հեշտ է, անվնաս դուրս գալը՝ բավականին դժվար: Հատկապես, երբ «դասական իմաստով քաղաքական գործիչ» չես: Հենց սա էլ պատահեց քաղաքականությանն օրինաչափորեն հրաժեշտ տված Գագիկ Ծառուկյանին, ով, այլոց անշրջահայացության պատճառով, կարող է հրաժեշտ տալ նաև տնտեսական հարթակում խաղի կանոն թելադրողի մենաշնորհային կարգավիճակին, ավելին, հայտնվել անգամ անազատության մեջ:
Բոլորովին վերջերս «Իրատես de facto»-ն այս հավանական ֆիասկոն փաստագրող հրապարակումով հանդես եկավ, որից մի հատված հարկ ենք համարում հիշեցնել մեր ընթերցողին. «Իրականում անմիջական հարվածի տակ է նրա ունեցվածքի լինել-չլինելու հարցը: Մեր տեղեկություններով, նախագահի հայտարարած հարկային ուսումնասիրությունների մի մասն արդեն իրականացվել է, և պատկերն ապշեցուցիչ է: Պարզվել է, միայն մեկ ձեռնարկությունում «բարերար» Ծառուկյանը 42 մլն դոլարի հարկային չարաշահում է թույլ տվել: Թե մյուսներում որքան խախտումներ կհայտնաբերեն պատկան մարմինները, կարելի է միայն ենթադրել, բայց սա էլ բավական է, որպեսզի քրեական գործ հարուցվի, ու առյուծասեր Ծառուկյանը հայտնվի ճաղերի հետևում»: Այն, որ Ծառուկյանին պատկանող անհաշիվ բիզնես-կառույցները սեփական եկամտի առյուծի բաժինը միշտ էլ ստվերում են պահել, վաղուց չէր զարմացնում որևէ մեկին, բայց որ մեր թերթի թիվ 12-ում (փետրվարի 24-26) տեղ գտած «Ծառուկյանը կարող է հայտնվել ճաղերի հետևում» հրապարակմանը կարող է արձագանքել այդ կառույցներից մեկը, խոստովանենք, մեզ համար գոնե խիստ զարմանալի էր: Խոսքն «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության մասին է, որի գլխավոր տնօրեն Լևոն Համբարձումյանի լիազորագրով խմբագրությանը նամակ է հղել վերոհիշյալ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գրիգորի Շահվերդյանը: Հիմա, ինչպես ասում են, մի տեղից բռնեք՝ չընկնեք: Մեջբերում ենք. «Ներկայացնում եմ «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության շահերը: Խնդրում եմ հայտնել, եթե թերթում զետեղված տեղեկությունը վերաբերում է նշված ընկերությանը, ապա, ի հիմնավորում դրա, մեզ տրամադրել ապացույցներ, հակառակ դեպքում նույն եղանակով հերքել ապատեղեկատվությունը»:

Էստեղ են ասել՝ դո՞ւք ինչու ձեր շողքից հուշտ եղաք, հրապարակման մեջ «Արարատցեմենտի» մասին ակնարկ կա՞: Չկա՜: Բա էլ ինչո՞ւ եք խառնվել իրար, ի՞նչ ապացույցներ եք սպասում թերթից, որոնք չստանալու դեպքում էլ խոսում եք ապատեղեկատվությունը հերքելու մասին: Խե՛ղճ «Արարատցեմենտ», խե՛ղճ գլխավոր տնօրեն Լևոն Համբարձումյան, եթե ընկերությանդ շահերը ներկայացնող լիազորված անձը փաստաբանական այսպիսի «լուրջ բագաժ» ունի: Այն, որ 42 միլիոն դոլարի հարկային չարաշահման փաստն արժանահավատ է, դրա իրական պատասխանատուն էլ՝ Ծառուկյանի սեփականությունը համարվող բազում-բազմապիսի ընկերություններից մեկը, կարող եք չկասկածել, և ապատեղեկատվություն տարածելու մեջ մեղադրվելու հեռանկարը չէ, որ տվյալ դեպքում անհանգստացնում է մեզ: Մեզ անհանգստացնում է մեկ այլ բան: Իսկ եթե քաղաքականությանը հրաժեշտ տված դասական չը՜-քաղաքական գործչին պատկանող մյուս բիզնես-կառույցների ղեկավարներն էլ հանկարծ քնեն-արթնանան ու մտածեն, թե 42 միլիոնի մասին ահազանգն իրենց ուղղությամբ է հնչեցվել հատկապես, սրանց շահերի ներկայացուցիչներն էլ փաստաբանական նույնպիսի «փառավոր» հմտություններ ունենան, մեր վիճակն ի՞նչ է լինելու: Մտածելու բան է:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ